Media Library

Anna Davtyan – Առաքանի

,

In 2000 more than a hundred poets from 43 European countries spent six weeks travelling across the continent – a working trip and reading tour through the whole of Europe. Now, twenty years on, thirteen of the poets who took part in the project have been invited to write an essayistic, poetic reworking of the myth of the “Rape of Europa”.

2020-ի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ շվեյցարացի գրող Յոնաս Լյուշերը էլեկտրոնային նամակով ինձ հարցրեց, թե ինչ եմ անում պատերազմի այդ ահավոր օրերին, ու ես գրեցի, որ առաջնագծում չեն հերիքում բահերն ու քլունգները խրամատ փորելու համար, ու որ ես զբաղված եմ այդ գործով՝ որպես կամավոր. Երեւանի տարբեր ծայրերում գտնվող բազաներից կամ վաճառողների տներից առանձին գնում եմ բահի գլուխը, մեկ ուրիշ թաղամասից՝ պոչը, ձիարշավարանի մոտից քլունգը ու Մասիվի շուկայից քլունգի պոչը, լցնում եմ մեքենան, հետո ՊՆ-ից Անդրանիկը գալիս, դատարկում է իր մեքենայի մեջ ու տանում է մի ուղղությամբ, որտեղ պատերազմն է։ Ես երկար նայում եմ նրա մեքենայի հետեւից։

Քսանամյա ընկերոջս մարմինն արդեն եկել է այնտեղից՝ բզկտված այնքան, որ ճանաչվել է միայն ԴՆԹ հետազոտությամբ։ Իսկ դագաղը փակ էր, ցավը հպարտության սահմաններից ներս մտցնելու ճիգ էր անում դագաղի վրա փռված եռագույն դրոշը։ Մայրը ցավից պարում էր։ Ա՜խ, իմ ճայ, իմ ճայ։

Յոնասը չի հասկանում, ասում է՝ դու գրող ես, դու չես կարող գետնի տակը մտնելու համար գործիքներ գնել, դա անարդար է։ Ես ասում եմ՝ զինվորները, Յոնաս, որոնց ես դեռ երեկ դասավանդում էի ինչպես գրել սիրային բանաստեղծություններ, սաղավարտներով են հողը փորում ու ավտոմատի կոթով։ Նրանց վրա երկնքից ֆոսֆոր են թափում, նրանք չունեն պատսպարվելու տեղ։ Նրանք անգամ սեր դեռ չեն ունեցել։

Ես հասկանում եմ՝ ինչու Յոնասը չի հասկանում։ Ես հասկանում եմ, որ նա հատել է դա հասկանալու սահմանը ճիշտ այն սահմանների պես, որոնց գրեթե տարրալուծության մեջ ապրում է Եւրոպան այսօր։

Մեր աշխարհը շատ մոտ է, շատերն անգամ որոշակի շփոթի միջից այն Եւրոպա են համարում կամ Եւրոպայի ծայրամաս, մենք ինքներս իրար հարց ենք տալիս՝ մենք որտե՞ղ ենք, բայց Եւրոպայից դիտվող սահմանային մեր վայրենությամբ մենք դուրս ենք ընկնում այնտեղից։ Դա ավտոմատ համակարգ է կարծես։

Ու մինչ Եւրոպան մեզ անվանեց Եւրոպա, իսկ Վահրամը Եւրոպան անվանեց մոտ լավ աշխարհ, ես ինձնից դուրս եկա, գնացի ու Եւրոպայից նայեցի Հայաստանին ու տեսա, որ այնտեղից էլ Հայաստանն է մոտ լավ աշխարհ։ Եւ ահա, ես անվանակոչում եմ մեր միջեւ հարաբերությունը՝ Մոտ Լավ Աշխարհ։

Ինչպե՞ս։

Բա պատերա՞զմը։

Բա Եւրոպայի ծակուծուկերը լցված արնամռութ Գորշ գայլե՞րը։ Եւրոպան ունի արժեքներ, բայց ունի նաեւ գորշ գայլեր՝ փախստականների հոգնատանջ փեշերի տակ պատսպարված։

 

Հայաստանում հնչում են բազմաբղետ ձայներ՝ խորը ազգայնականից մինչեւ մարդակենտրոն խաղաղասիրականը։ Խաղաղասերներին հակադարձում են ազգայնականները՝ Թուրքիայի մեծ Թուրանի ծրագիրը դեմ տալով, որն, էնպես էլ, թաքուցյալ բան չէ։ Մարդիկ՝ թուրք նախագահները, հանգիստ խոսում են դրա մասին, չէ, հանգիստ չեն խոսում, կորովով են խոսում։ Իսկ Հայաստանը այդ դռան ծխնին է, որը պետք է բացել թուրքական ազգերի առաջ։ Ծխնին ես եմ ասում, բայց մարդիկ ընդհանրապես ասում են, որ վախենում են, որ ցեղասպանություն անգամներ են տեսել՝ Արեւմտյան Հայաստանում (Արեւելյան Թուրքիա), նաեւ Բաքվում, Կիրովաբադում, Շուշիում եւ այլուր։ Ու յութուբով ցույց են տալիս Ադրբեջանում գյուղեգյուղ պտտվող 2016-ի հայ-ադրբեջանական պատերազմում գլխատված Քյարամ Սլոյանի գլուխը, որ ուրախ ադրբեջանցիները հանում են ցելոֆանե տոպրակից ու ցույց տալիս գյուղի մեջ հավաքված տղամարդկանց ու երեխաներին։ Քյարամը եզդի էր, հայկական բանակի զինվոր՝ հայ զինվորների հետ։

Սա ազգայնականությունը։

Հիմա խաղաղասիրականը։

Օրեր առաջ Հայաստանում պառլամենտական ընտրություններ էին։ Մի կին քշում էր իր հայրենի փոքրիկ քաղաքը՝ քվեարկելու։ Անցնում էր Հայաստանի հյուսիսի գյուղերի միջով։ Փոքրիկ եզդիական գյուղի հենց թիկունքին մի փոքրիկ բլուր կար։ Մենք հիմա որ նայում ենք բլուրների, դրանք այլեւս բլուրներ չենք տեսնում, այլ պոտենցիալ հենակետեր, որոնց վրա հաշվարկներ ունի երկու հակամարտող կողմն էլ։ Սա մի աննշան բլուր էր՝ կռնծած ու քարե գլխով, խոտը դեղնած կպած էր գետնին, այսինքն եղածը մի բարձր հողաթումբ էր։ Կինը պատկերացրեց, որ բլուրը սահմանների գծման ինչ-որ նոր փաստաթղթով հանձնվում է հակառակ կողմին, քաշվում են փշալարերը, ու այնտեղ գնալ այլեւս հնարավոր չէ, թեեւ հենց նրա ստորոտին է փռված քո լվացքը։ Եւ դու անտանելի տխրում ես ու լցվում անձկությամբ, բլուրը քո պատուհանի տեսարանի անկիսելի մասն էր, ու հիմա քո հայացքը կապվում է այդ գագաթին՝ որպես անմատչելի մի բանի, դու իսկապես տառապում ես մի կարոտով, որի մասին չգիտեիր, ու բաժանման այդ գծի մեջ մի ամբողջ խեղճ աշխարհ կտեղավորվի։ Կինը պատկերացրեց մարդկանց այդ տխրությունն ու նեղի այն զգացողությունը, որ կա այս երկրում իր այնքան փոքրիկ չափերի պատճառով։ Նա պատկերացրեց, որ բլուրի մյուս կողմում ադրբեջանական տուն է, հիմա՝ արդեն, հանեց փշալարերը ու երկու հարեւանների երեխաները սկսեցին մողես տեսնելու գնալ այդ բլուրի վրա, որովհետեւ մողեսի համար դա ամենահարմար տեղն է։ Դա իսկապես գեղեցիկ էր։ Եւ մողեսն էր գեղեցիկ։ Եւ այդպես է պտտվում աշխարհը՝ երեխաների հետաքրքրասիրության միջով, ոչ թե այն ականջների, որ երբեւէ կախված են եղել նրանց հայրերի շլինքից՝ որպես ռազմական ավար։

Մենք չենք գտել, բայց Եւրոպան գտել է համագոյակցության ձեւը իր սահմանների վրա, բայց կարծես շփոթի է մատնված իր սահմաններից ներս կատարվողով։ Փախստականներին ինչպե՞ս ինտեգրել ամենաարդյունավետ ձեւով, որպեսզի վախենալի չլինի արտաբերել խնդիր բառը։ Ինքն իրեն գիտակցած մարդը իսկապես դիլեմայի մեջ է։ Խրախուսե՞լ մշակութային տարբերությունները, թե՞ մշակույթների վրա իջեցնել օրենքի անբեկանելի պատնեշը։ Սահմաններից դուրս ինչպե՞ս իրականացնել ինտեգրումը Եւրոպական արժեքներին, երբ ամեն տեղ, կարծես թե, իրերի դրությունը քաոտիկ է։ Ուր մարդիկ դեռ կռիվ են տալիս միջպետական սահմանների համար։ Իսկ Եւրոպան այդ ընթացքում մի քիչ էլ է ծերանում։

Ու ամենահոտառու Թուրքիան է հասնում օգնության, վերցնում է իր վրա փախստականների մեծ մասին վրանե կացարան տալու ծառայությունը՝ փոխարենը ստանալով ուրիշի սահմանին պատերազմներ հրահրելու կախարդական փայտիկը։ Տեռորիստներ է բուծում իր կարմիր դրոշի տակ ու ծածանում իր մահիկի մահաբեր կեռիկը։ Տառապեցնում է ինքն իր ժողովրդին նաեւ։

Իսկ քանի դեռ, Եւրոպան գիտի, աշխարհին սպառնում է գլոբալ տաքացումը, Աֆրիկայի սավաննաներին սպառնում է տոթի ազդեցությունից տասնյակ հազարներով մահացություններ, ըստ այդմ՝ միլիոնավոր փախստականներ դեպի վեր, եւ ուրեմն Թուրքիայի ծառայությունը իր ավելի բարձր գինն է ունենալու, ու Թուրքիան՝ ի թիվս այլ բաների, բանեցնելու է իր փայտիկը, օրինակ, այս երկու հարեւաններից մեկին մյուսի միջոցով չեզոքացնելու։ Նրան պետք է ծխնին տեղահան անել։ Ինչ փախստականի գնով ուզում է լինի։ Եւ Թուրքիան կացարան է տալիս այն փախստականներին, որոնց ինքն էլ գեներացնում է։ Սա փակ շղթա չէ՞։

Թուրքիան քսաներորդ դարի սկզբին աշխարհ է արտահանել խաղի կանոններ։

Թուրքիան գիտի ինչպես։

Ահա դրանցից մեկը։

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide):

Հսկայական չափերի հասնող այս ջարդը անվանելու համար լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը ստեղծեց genocide բառը, որը հետո անվանելու էր նաեւ հրեաների, բոսնիացիների, Ռուանդայում թութսիների զանգվածային կոտորածն ու ոչնչացումը:

Իրականացվել է Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական կուսակցության կողմից 1915-1923 թվականներին:

Տեղահանության է ենթարկվել եւ բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանի հայ բնակչությունը։

2,5 մլն հայերից բռնի մահով սպանվել կամ ճանապարհներին սովամահ է եղել 1,5 մլն մարդ:

Ողջ մնացած շուրջ 800 հզ. հայերը գաղթական են դարձել եւ ցրվել աշխարհով մեկ:

Բռնի մահմեդականացվել է 200 հզ. հայ:

Ոչնչացվել է 66 քաղաքների, 2500 գյուղերի հայ եւ այլազգի քրիստոնյա բնակչությունը:

Կողոպտվել եւ քանդվել է 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց ու վարժարան:

Յուրացվել են օսմանյան բանկերում պահվող հայերի ավանդները, ինչպես նաեւ նրանց պատկանող շարժական ու անշարժ գույքը:

Արեւմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից եւ ամբողջ տարածքով մնացել Թուրքիայի սահմանից ներս:

Ջնջվել ու գրեթե ամբողջովին վերացել է Արեւմտյան Հայաստանի մշակույթը, քանդվել, պղծվել ու ավերակների է վերածվել քարակերտ ժառանգությունը:

Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթած ու Մեծ եղեռնը վերապրած հայերից, նրանց սերունդներից: Ցրված է ամբողջ աշխարհով։

 

Թուրքիան սա պատմաբանական միֆ է համարում։

Եւ գիտի ինչպես։ Նա միշտ գիտի ինչպես։

 

Եւ, ուրեմն, հասանք միֆին։

Երբ Եւրոպան գայթակղվեց ու նստեց ցլի մեջքին, նա դեռ չգիտեր, որ գալու է օրը, երբ Լուի Վիտոնը քերթելու է այդ նույն ցլի կաշին՝ աշխարհում եղած ամենաուղիղ իմաստով։ Որ քերթելու գործարաններ է ունենալու ու քերթելու ժամանակակից դանակներ։ Որ կենդանիները քերթվելու համար են ծնվելու։ Որ քերթելը մոդայի մի մասն է լինելու։ (Երբ որդուց օրեր լուր չունեցող հայրը հերթական անգամ զանգել էր որդու հեռախոսին, մի ադրբեջանցի պատասխանել էր, որ որդին գերի է իրենց մոտ, եւ հենց հիմա նրան քերթում են։ Հայրը լսել էր քերթվողի նրա ձայնը հնարավորի սահմանից այնկողմ)։  Սա այսօր էր, Եւրոպա։ Որ աշխարհը օգտագործվելու է անփառունակորեն, եթե ուժդ պատում է՝ լինես քերթող երկիր, թե կորպորացիա։ Ու քո պարտքը փակողը միշտ կգտնվի՝ փռելով իր կանաչը, իր կենդանիներին ու իր չարչրկված, իր անբառ թույլերին։ Բազմացեք, կովեր, կյանքը կարճ է։

Երբ գրողը Հայաստանում գրող լինելով չի կարողանում ապրել, բացում է մի փոքրիկ արտադրություն, երկու տարիքով կին է աշխատանքի վերցնում, որոնցից մեկը հիվանդ է սկլերոզով ու ոչ մեկին պետք չէ, մյուսը այդ աշխատանքը չունենալով՝ պատրաստվում էր արտագաղթել (Ռուսաստան կամ Եւրոպա), ու արտադրում է Հայաստանում չտեսնված, չլսված մի բան՝ կանացի մի աքսեսուար, որի հիմնային նյութը բնական կաշին է, գրողը ընկնում է տառապանքի մեջ՝ ինչպե՞ս հրաժարվել բնական կաշվից ու արտադրությունը շարունակել արհեստական կաշվով։ Գրողը տեսել է Լուի Վիտոնի բուծարանները, կաշվի ֆաբրիկաները եւ տեսել է այն հավերին, որ նեղ վանդակների մեջ պահվելուց ձեռք էին բերել անտանելի բարդ մարմնի կառուցվածք՝ չգիտես որտեղից ծլող փետրաթափ գլխով ու չռված, մոմացած աչքերով։ Կաշին գալիս է հիմնականում Թուրքիայից, գրողը գնել է կաշիներ նաեւ Պակո Ռաբանից։ Այդպես էր պնդում խանութի տերը։ Կաշվի բոլոր վաճառողներին ամեն անգամ ասում է, որ սա իր վերջին գնումն է։ Բայց Հայաստան չեն հասնում այնպիսի արհեստական կաշիներ, որ նա կարողանար օգտագործել իր ապրանքը ստանալու համար ու պահել այդ երկու աշխատատեղը։ Արհեստական կաշիների փոքրիկ գետնափոր խանութում միայն ավտոմեքենաների ներքին հարդարման համար նախատեսված կաշիներ են՝ հիմնականում մոխրագույնի երանգներով, իսկ իրեն պետք են վառն ու ոսկեգույնը, կանաչն ու արնագույնը։ Արնագույնը…

Ա՜խ, իմ ճայ, իմ ճայ։

Ես ապրելը շարունակելու փորձեր եմ անում։

Քո արյունը դաշտերում հիմա արդեն դեղնած խոտի տակ է։

 

Զոհեր, զոհեր ամեն տեղ։

Եւրոպա, ինչպե՞ս փրկենք ցուլին քո հարուստ զավակների ու հարուստ գործընկերների ախորժակից ու ցուլին օգտագործենք որպես փոխադրամիջոց, որ դուրս տանի ու ներս բերի արժեքներ այնպես, որ մարդիկ, դաղված ու խեղճ մարդիկ դրանց մեջ տեսնեն քայլելու ճանապարհ, որ չլինի այնպիսի մի խորամանկ խաղացող, այնպիսի մի արյունաբեր մահիկ, որ նավթով մահադաշտեր բացի ու ճամբարներ՝ ամենաէժան ապրուստով՝ ամենաթանկ գնի դիմաց, որ երկակի ստանդարտները լինեն, բայց ոչ թե հարուստների, այլ աղքատների համար՝ դուրս քաշելու նրանց դեղին ճահճից, որ կաշին փոխարինվի արհեստականով, բայց Հայաստանի երկու աշխատատեղը չփակվի, որ երեխաները գնան մողես տեսնելու ու փայփայեն մողեսի նրա կյանքը՝ իրենց տարբեր աշխարհների միջից։

Եւրոպա, Զեւսը աստված է, ու աստված այլեւս փոխադրամիջոց է։ Արժեքների առաքանի։ Փյունիկիացի աղջիկը կարո՞ղ է դուրս գալ դարմանելու՝ դարմանելով ինքն իրեն, գտնելու իր կենսունակությունը, քանի որ նա եւս զարկված է։ Աղջիկ, մայր իմ, դուստրս, մի հանդուրժիր բաներ, որ հաղթահարել ես քո իսկ ուրիշի հանդեպ՝ քո անցյալի։  Ու ես քո ջանքին կխառնեմ ուժեղի իմ կամքը։ Ու ես քո ջանքին կխառնեմ թույլի իմ աղաղակն ու լռությունը։

You can find the German translation here.